Apple-ը հանդես է գալիս ահաբեկչի iPhone-ը կոտրելու մասին ԱՄՆ դատարանի որոշման դեմ
Apple կորպորացիան դեմ է ԱՄՆ դատարանի որոշմանը, որը հրահանգել է ընկերությանը օգնել Հետաքննությունների դաշնային բյուրոյին կոտրել Սան-Բերնարդինոյում երկու ահաբեկիչներից մեկի iPhone-ի գաղտնաբառը: Այդ մասին հայտնել է Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը, հաղորդում է РИА Новости-ն:
«Կառավարությունը խնդրում է մեզ կոտրել մեր սեփական օգտատերերի հեռախոսը և ոչնչացնել անվտանգության ոլորտի հաջողությունները, որոնք ձեռք են բերվել տասնամյակների ընթացքում»,- հայտարարում է Կուկը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կալիֆորնիայի դատարանը հանձնարարել է Apple-ին օգնել Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ ահաբեկչի iPhone-ը ապաարգելափակելու հարցում:
«ԱՄՆ կառավարությունը պահանջել է, որ Apple-ն աննախադեպ քայլեր ձեռնարկի, որոնք վտանգ են մեր օգտատերերի անվտանգության համար: Մենք դեմ ենք այդ որոշմանը»,- ասված է պաշտոնական կայքում հրապարակված Կուկի նամակում:
Կուկի խոսքերով՝ ԱՄՆ կառավարությունը խնդրել է Apple-ին ստեղծել ծրագրային ապահովում, որը «ընկերությունը չունի և որը չափազանց վտանգավոր է համարվում ստեղծվելու համար»:
«Սխալ ձեռքերում այդ ծրագիրը, որն այժմ գոյություն չունի, կկարողանա արգելափակումից հանել ցանկացած iPhone»,- ասել է Կուկը:










