Իրանը հրաժարվել է սառեցնել նավթի արդյունահանումը
Իրանի իշխանությունները հայտարարել են, թե տրամաբանություն չեն տեսնում նավթի արդյունահանման մակարդակը սահմանափակելու մեջ և մտադիր չեն միանալ երեքշաբթի օրը Դոհայում Ռուսաստանի և ՕՊԵԿ երեք երկրների ներկայացուցիչների կողմից կնքված համապատասխան պայմանավորվածությանը, գրում է korrespondent.net-ը:
ՕՊԵԿ-ի հետ Իրանի փոխգործակցության համար պատասխանատու պաշտոնյաների խոսքերով՝ շատ երկրներ ավելացնում էին նավթի արդյունահանման մակարդակը այն ժամանակ, երբ Թեհրանը Արևմուտքի պատժամիջոցների տակ էր: Այժմ, երբ այդ պատժամիջոցները վերացվել են, արդյունահանման մակարդակը մեծացնել արդեն մտադիր է Իրանը:
Թեհրանի որոշումը անհնար է դարձնում Դոհայում ստորագրված համաձայնագրի իրականացումը, քանի որ դրանում պարտադիր պայման է նշված ՕՊԵԿ բոլոր անդամ-երկրների, որոնց մեջ է մտնում նաև Իրանը, համանման քայլերի համաձայնությունը: Միևնույն ժամանակ բացառված չէ, որ բանակցությունները կշարունակվեն:
Նավթի արդյունահանման սառեցման մասին համաձայնությունը այս տարվա հունվարի մակարդակի վրա կնքել են Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Քաթարը և Վենեսուելան: Համաձայնագրի նպատակը նավթի կայուն նվազող գների բարձրացումն է:










