Ռուսաստանը և Սիրիան միջանցք են ստեղծել քրդերի համար. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի և սիրիական կառավարության «անմարդկային գործողությունը» Սիրիայի հյուսիսում, որտեղ նրանց ուժերը մոտեցել են թուրքական սահմաններին, նպատակ ուներ միջանցք ստեղծել քուրդ գրոհայինների համար:
Թուրքիայի առաջնորդը նաև մերժել է «Իսլամական պետության» դեմ պայքարում իր դաշնակիցների կողմից հնչած քննադատությունը Սիրիայում քուրդ գրոհայիններին ռմբակոծելու վերաբերյալ: Էրդողանը հայտարարել է, որ ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները և դրա քաղաքական թևը՝ «Դեմոկրատական միությունը» ստեղծվել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի կողմից:
Ինչպես նշում է լրատվամիջոցը, Թուրքիան կարծում է, որ սիրիական սահմանով զենք է մատակարարվում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) համար, որի հետ Թուրքիան անցած տարի վերսկսել է զինված հակամարտությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Միջազգային հանրությունը և ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի նա դադարեցնի Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ռազմական գործողությունը:
Թուրքական հրետանին չորս օր է, ինչ ռմբակոծում է Մինեհ ավիաբազան և մոտակայքում գտնվող գյուղերը:










