Վարդան Ղուկասյանը հերքում է իր և իր որդու մասնակցությամբ ծեծկռտուքը, ոստիկանության հաղորդագրությունն այլ բան է վկայում
Մարդկանց վրա սարքելու այս մեթոդը հնաոճ է, փոխե՛ք. Tert.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին, թե օրերս որևէ միջադեպ եղել է իր և իր որդու մասնակցությամբ:
«Ինչու մարդ կա՞, որ ասի ինձ ծեծել են, կամ ինչ-որ «царапина» կա մարդու վրա, կամ ինչ որ հայհոյանք, կամ քաշքշուկ, այդպիսի բան կա՞ ընդհանրապես, կա՞ մեկը, ով գա բողոք գրի, կամ վկա կա՞»,- ասաց նա և նորից նշեց, որ մարդկանց վրա սարքելու այդ մեթոդը հնաոճ է:
Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ մի քանի օր առաջ Վարդան Ղուկասյանի ու նրա որդու՝ Սպարտակի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել:
«Գիտեք ի՞նչ պետք է բացահայտեն. 2007 թվականի մահափորձը մեր նկատմամբ, որ 4 հոգի մահացան, և մենք այսպես «ինվալիտ» դարձանք: Դա մինչ այսօր բացահայտված չէ, այդ գործերը թող բացահայտեն, ոչ թե օդի մեջ մարդկանց վրա սարքեն»,- ասաց նա:
Նշենք, որ չնայած Վարդան Ղուկասյանը հերքում է որևէ ծեծկռտուքի իր և իր որդու մասնակցության մասին տեղեկությունները, ոստիկանության կայքում կա «Ծեծ, որ չէ՞ր եղել» վերնագրով տեղեկություն, որում ասվում է, որ փետրվարի 12-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 11-ին` կեսօրին, Գյումրիի Ռուսթավելու փողոցում գտնվող մանկական սրճարանում, վիճաբանության ժամանակ, 1983 թ. ծնված, նախկինում դատապարտված Սպարտակ Ղ.-ն (Սպարտակ Ղուկասյան – Tert.am) իր ընկերոջ` 1986 թ. ծնված Պատվական Մ.-ի հետ մահակներով ծեծի են ենթարկել 1979 թ. ծնված Նորայր Ս.-ին և 1979 թ. ծնված Գարիկ Բ.-ին:
Այնուհետև նույն օրվա գիշերը Գարիկ Բ.-ն գնացել է Սպարտակ Ղ.-ի հորը` 1961 թ. ծնված Վարդան Ղ.-ին (Վարդան Ղուկասյան – Tert.am) պատկանող, նախկին դատարանի տարածքում գտնվող գրասենյակ, որտեղ կրկին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Վարդան Ղ.-ի թիկնապահները ծեծի են ենթարկել Գարիկ Բ.-ին:
Նույն օրը Վարդան Ղ.-ն Սպարտակ Ղ.-ի հետ ծեծել են 1970 թ. ծնված Արթուր Թ.-ին, իսկ 1982 թ. ծնված Կոլյա Ղ.-ն (Կոլյա Ղուկասյան, ով Վարդան Ղուկասյանի եղբոր որդին է – Tert.am) ծեծի է ենթարկել «Սլաբոտկա» թաղամասի բնակիչներից մեկին:
Փետրվարի 16-ին նյութերի նախապատրաստման ընթացքում Պատվական Մ.-ն, Արթուր Թ.-ն, Նորայր Ս.-ն և Գարիկ Բ.-ն բացատրությաններ են տվել, որ փետրվարի 11-ին իրենք որևէ մեկի հետ չեն վիճաբանել, իրենց ոչ ոք չի հարվածել կամ հրել:
Պատվական Մ.-ին, Արթուր Թ.-ին, Նորայր Ս.-ին, Գարիկ Բ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Վարդան Ղ.-ն և Սպարտակ Ղ.-ն բաց են թողնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ թիկնապահների ինքնությունը պարզելու, նրանց և Կոլյա Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:










