Փետրվարի 18-ին կանխատեսվում է ռեկորդային բարձր ջերմաստիճան, իսկ 19-ից ջերմաստիճանը կնվազի

12:32 • 17.02.16

Փետրվարի 18-ին Երևանում կանխատեսված է +16...+18 աստիճան տաքություն, որի արդարացման դեպքում կգրանցվի ջերմաստիճանային ռեկորդ, իսկ արդեն փետրվարի 19-ից օդի ջերմաստիճանը կնվազի. այս մասին Tert.am-ին հաղորդեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:


Ըստ նրա՝ մինչ  օրս այդ ռեկորդը 1979 թվականի փետրվարի 18-ն է, երբ Երևանում գրանցվել է  +14...+15 աստիճան տաքություն: «Ավելացնեմ նաև, որ այսօր օդի օրական միջին ջերմաստիճանը հանրապետության տարածքում կլիմայական նորմայից բարձր է 8-13 աստիճանով»,- ասաց նա:


Գագիկ Սուրենյանի խոսքով՝ փետրվարի 15-ից հանրապետության տարածք ներթափանցած հարավային տաք օդային հոսանքները առաջ բերեցին օդի ջերմաստիճանի էականորեն բարձրացում: «Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվեց Բագրատաշենում՝ +22, Իջևանում՝ +20, Դիլիջանում՝ +19, Կապանում՝ +18, Արարատյան դաշտում՝ +15...+16, Երևանում՝ +15: Ներկա պահին օդի ջերմաստիճանի բարձրացումը շարունակվում է։ Երեկվա հետ համեմատած եղանակը այսօր տաքացել է ևս 3-4 աստիճանով»,- ասաց նա:


Մինչդեռ, ըստ նրա, առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի, փետրվարի 19-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում այն կնվազի 8-10 աստիճանով, իսկ մյուս  շրջաններում 4-5 աստիճանով: «Փետրվարի 19-ին միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, իսկ փետրվարի 20-ին շրջանների զգալի մասում նաև կսկսվեն տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, իսկ նախալեռներում  և հովտային շրջաններում անձրևի տեսքով»,- ասաց նա:

Փետրվարի 18-ին կանխատեսվում է ռեկորդային բարձր ջերմաստիճան, իսկ 19-ից ջերմաստիճանը կնվազի