Անկարայի ահաբեկչությունից հետո կան ձերբակալվածներ. Դավութօղլուն մեղադրել է քրդերին
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է Անկարայի ահաբեկչությունից հետո 9 մարդու ձերբակալության մասին։
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, նա նաև նշել է, որ զոհվածներից 26-ը զինվորականներ են եղել։
Դավութօղլուն տեղի ունեցածի համար մեղադրել է «քրդական ահաբեկչական խմբավորումներին»՝ մասնավորապես՝ Սիրիայում քրդական կուսակցությունների ռազմական թևին, որոնց Անկարան ահաբեկչական է համարում։
Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել է երեկ՝ երևանյան ժամանակով 20:30-ին, Անկարայի կենտրոնական թաղամասում` զինվորական հանրակացարանի մոտակայքում: Հաղորդվում էր, որ ոստիկանների տեղափոխող մեքենա է պայթեցվել:
Մահապարտը եղել է Սիրիայի քաղաքացի Սալիհ Նեջարը՝ Սիրիայի՝ հիմնականում քրդաբնակ Հասաքե բնակավայրից։ Թուրքիայի վարչապետի համոզմամբ՝ նրան Թուրքիայում օգնել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները։
Դավութօղլուն հավաստիացրել է, որ ահաբեկիչները ձերբակալվելու և պատժվելու են։










