Վաղը օդի ջերմաստիճանը կնվազի, իսկ 22-ից կտրուկ կբարձրանա և կպահպանվի մինչև ամսվա վերջ. Գագիկ Սուրենյան
Հանրապետության տարածքում հաստատված անոմալ տաք եղանակը կպահպանվի այսօր, վաղը արդեն հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային հոսանքներ կներթափանցեն հանրապետության տարածք, որից հետո փետրվարի 22-ից արդեն կրկին նույնքանով օդի ջերմաստիճանը կբարձրանա. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա, վաղը ցուրտ հոսանքները հատկապես մեծ ազդեցություն կունենան Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի ջերմային ֆոնի վրա:
«Այս հատվածներում վաղը սպասվում է օդային ջերմաստիճանի նվազում 8-10 աստիճանով: Իսկ մյուս շրջաններում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով»,-ասաց նա:
Նվազած ջերմային ֆոնը ըստ Գագիկ Սուրենյանի՝ կմնա մինչև փետրվարի 21-ը: 22-ից արդեն ցուրտ օդային հոսանքները կնահանջեն և հարավից՝ կոնկրետ Իրաքի տարածքից հանրապետություն կներթափանցեն տաք օդային ալիքը:
«Փետրվարի 22-ից 23-ը ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը որքան նվազել էր, կրկին նույնքանով հանրապետության ողջ տարածքում կբարձրանա»,-ասաց նա և նշեց, թե Արարատյան դաշտում կլինի 15-16, առանձին հատվածներում նույնիսկ 17 աստիճան տաքություն, իսկ Տավուշի մարզում, Սյունիքի հովտային հատվածներում մինչև 17-20 աստիճան տաքություն կգրանցվի, որը կլիմայական նորմայից բարձր կլինի մոտ 7-11 աստիճանով:
«Առհասարակ, ըստ նախնական կանխատեսումների՝ այդ բարձր ջերմային ֆոնը կպահպանվի ողջ փետրվարի ընթացքում, այսինքն՝ մինչև ամսվա վերջ»,-ասաց նա:
Տեղումների մասով, ըստ նրա, լուրջ տեղումներ սպասվում են միայն փետրվարի 20-ին:
Ընդհանուր առմամբ՝ ըստ Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալի՝ այս տարի ձմեռը նորմայից տաք էր, իսկ այս օրը՝ փետրվարի 18-ը, ՀՀ-ի օդերևութաբանության պատմության մեջ կլինի ամենատաք փետրվարի 18-ը:
Գագիկ Սուրենյանը մարտ ամսվա վերաբերյալ նշեց, թե դեռևս վաղ է կանխատեսել, բայց ըստ նախնական կանխատեսումների՝ այն եզրակացության են եկել, որ մարտը կրկին կլինի տաք:










