ԱՄՆ-ում արդարացվել է 17 տարի Գվինեթ Փելթրոուին հետապնդած տղամարդը

10:55 • 18.02.16

Լոս Անջելեսի դատարանում ատենակալներն արդարացնող դատավճիռ են կայացրել 66 տարեկան տղամարդու նկատմամբ, ով մի քանի տարի շարունակ հետապնդել է ամերիկյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուին՝ նրան նամակներ և նվերներ ուղարկելով, հաղորդում է РИА Новости-ն։

 

Առաջին անգամ դերասանուհին օգնության է դիմել այն բանից հետո, երբ 1999 թվականին ծանրոցներ է ստացել՝ պոռնոգրաֆիայով, սեքս-խաղալիքներով և նամակներով, որտեղ ոմն Դանթե Սոյու ցանկություն է հայտնել «մաքրել նրա մեղքերը»։ 2000 թվականին դատարանը Սոյուին անմեղ է ճանաչել հոգեկան խանգարման պատճառով և նրան մի քանի տարով ուղարկել մասնագիտացված հիվանդանոց:

 

2015 թվականին երկրպագուն ձերբակալվել է, քանի որ կրկին սկսել է Փելթրոուին հաղորդագրություններ ուղարկել:

 

Փետրվարի սկզբին հայտնի է դարձել, որ 43-ամյա օսկարակիր դերասանուհին կրկին դատի է տվել վտանգավոր երկրպագուին: Դատարանի տվյալներով՝ 1999-ից 2015 թվականների ընթացքում Սոյուն դերասանուհու հասցեով մի քանի տասնյակ ծանրոց և նամակ է ուղարկել, որտեղ մտադրություն է հայտնել ամուսնանալ նրա հետ կամ ներողություն է խնդրել դերասանուհուց հասցրած տառապանքների համար։ Դերասանուհին հայտնել է, որ վախենում է իր կյանքի և իր երեխաների կյանքի համար։

 

Դատարանում ատենակալների գլխավոր Ռայան Օսթինը հայտարարել է, որ կասկածներ են առաջացել, թե Սոյուն վերջին ժամանակներում փորձել է վախեցնել դերասանուհուն։ Նրա խոսքով՝ 66-ամյա տղամարդու վերջին գործողությունները կարելի է դատապարտելի համարել, բայց դրանք ծանր հանցագործությունների հավասարեցնել չի կարելի։

 

ԱՄՆ-ում արդարացվել է 17 տարի Գվինեթ Փելթրոուին հետապնդած տղամարդը