ՌԴ ՊՆ-ում հերքել են, թե փետրվարի 18-ին Իրան կուղարկվի ռուսական C-300 համակարգերի առաջին խմբաքանակը
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հերքել է լուրերն այն մասին, թե փետրվարի 18-ին Իրան կուղարկվեն զենիթահրթիռային համակարգեր: Նրա խոսքով՝ Իրանը դեռևս չի վճարել այդ խմբաքանակի համար, փոխանցում է Ведомости-ն:
«Դա հիմարություն է: Առաջին խմբաքանակի ուղարկումը չի կարող կայանալ թերևս այն պատճառով, որ փետրվարի 16-ի դրությամբ իրանական կողմը չի վճարել դրա գումարը, որը նշված է պայմանագրում»,- նշել է ռուսական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան:
Ավելի վաղ հաղորդվել է, որ C-300 զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը Ռուսաստանից Իրան կուղարկվի։ Այդ մասին հայտնել էր Իրանի զինված ուժերի գերագույն շտաբի ղեկավարի տեղակալ Մուստաֆա Այզադին։
Ենթադրվել էր, որ ռուսական բեռն Իրան կուղարկվի Կասպից ծովով` Աստրախանի նավահանգիստներից մեկից:










