Հռոմի պապին տեղափոխող օդանավի օդաչուներին փորձել են կուրացնել լազերի լույսով
Հավանայից Մեխիկո Հռոմի պապի ուղևորության ժամանակ օդանավի օդաչուներին փորձել են կուրացնել լազերի լույսով, գրում է segodnya.ua-ն:
Միջադեպը գրանցել է օդանավի սեփականատեր «Ալիտալիա» ընկերությունը: Տեղի ունեցածի մասին հայտնել է անձնակազմի հրամանատար Միսիմիլիանո Մարսելին:
«Դա տեղի է ունեցել Մեխիկոյի օդանավակայանում վայրէջքի ժամանակ: Լազերի լույսը նկատել են նաև այլ ինքնաթիռի օդաչուները, որը վայրէջք է կատարել օդանավակայանում մոտավորապես նույն պահին»,- ասվում է փաստաթղթում:
Ավիաընկերությունը վստահեցնում է, որ անձնակազմի անդամներից կամ ուղևորներից ոչ ոք չի տուժել: Ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել:
Ընկերությունում չեն հայտնում միջադեպի վերաբերյալ իրավապահ մարմինների կողմից հետաքննություն սկսելու մասին:










