Սիրիայի քրդերի առաջնորդներից մեկը հերքել է իրենց հասցեին Թուրքիայի մեղադրանքները

14:18 • 18.02.16

Սիրիայի քրդերի հիմնական խմբի առաջնորդը հերքել է, թե իր խումբը կանգնած է Թուրքիայում տեղի ունեցած պայթյունների հետևում, և նախազգուշացրել է Անկարային Սիրիայում ցամաքային գործողություն չսկսել, հաղորդում է Associated Press գործակալությունը։

 

Եվրոպայում գտնվող Սալեհ Մուսլիմը լրատվական գործակալությանն ասել է, որ Թուրքիայի մեղադրանքներն «անհիմն են»։

 

Նա նաև ասել է, որ Անկարայում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով մոտ 28 մարդ է զոհվել, նման է նախկինում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից իրականացված գործողություններին։

 

«Մենք կապ չունենք այս պայթյունների հետ և նրա հետ, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայի ներսում»,- ասել է նա:

 

Նա հավելել է, որ Թուրքիայի կողմից Սիրիայում ձեռնարկված ցանկացած ցամաքային գործողության դեմ դուրս կգա քուրդ և արաբ զինյալների կոալիցիան։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է Անկարայի ահաբեկչությունից հետո 9 մարդու ձերբակալության մասին։

 

Դավութօղլուն տեղի ունեցածի համար մեղադրել է «քրդական ահաբեկչական խմբավորումներին»՝ մասնավորապես՝ Սիրիայում քրդական կուսակցությունների ռազմական թևին, որոնց Անկարան ահաբեկչական է համարում։

Սիրիայի քրդերի առաջնորդներից մեկը հերքել է իրենց հասցեին Թուրքիայի մեղադրանքները