Թուրքական բանակը ռմբակոծում է Իրաքի հյուսիսում քրդերի դիրքերը
Թուրքական բանակը ռմբակոծում է Իրաքի հյուսիսում քրդերի դիրքերը, հաղորդում է Reuters գործակալությունը։
Լրատվամիջոցի ռազմական աղբյուրի տվյալներով՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դիրքերին հարվածներ են իրականացվել փետրվարի 17-ի երեկոյան՝ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
Ինչպես նշում է CNN Turk հեռուստաընկերությունը, ավիահարվածների նպատակը կուսակցության 60-70 հոգուց բաղկացած խումբն է եղել։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը կշարունակեն Սիրիայում քրդական ուժերի դիրքերի ռմբակոծումները։
Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել է երեկ՝ երևանյան ժամանակով 20:30-ին Անկարայի կենտրոնական թաղամասում` զինվորական հանրակացարանի մոտակայքում: 28 մարդու մահվան պատճառ դարձած պայթյունն իրականացրած մահապարտ ահաբեկիչը Սիրիայի քաղաքացի է եղել։ Նրա վարած ականապատ մեքենան պայթել էր զինվորականների տեղափոխող ավտոբուսների մոտակայքում։ Ահաբեկիչը դեպքի վայրում մահացել է։










