Քանյե Ուեսթն իրեն Պիկասոյից, Էսկոբարից ավելի ազդեցիկ է համարում. լրատվամիջոցներ
Ամերիկյան Page Six կայքը հրապարակել է ձայնագրություն, որում հայտնի ռեփեր Քանյե Ուեսթն ասում է, թե ինքն ավելի ազդեցիկ է, քան աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոն:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, տվյալ ձայնագրությունն արվել է Saturday Night Live շոուի կուլիսների հետևում:
Ըստ ձայնագրության՝ Ուեսթն ասում է, որ ինքը 50 տոկոսով ավելի ազդեցիկ է նկարիչ Պաբլո Պիկասոյից, ռեժիսոր Սթենլի Կուբրիկից, նարկոբարոն Պաբլո Էսկոբարից ու Պողոս առաքյալից։
«Ես 50 տոկոսով ավելի ազդեցիկ եմ, քան որևէ այլ հայտնի անձ»,-նշել է ռեփերը` հավելելով, որ այս կարգավիճակը պահպանվելու է առաջիկա 1.000 տարում:
Մինչդեռ The New York Daily News-ը հավելում է, որ ռեփերի կինը` հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքի մյուս անդամներն արդեն սկսել են անհանգստանալ Ուեսթի էքսցենտրիկ պահվածքի համար։
«Նրանք կարծում են, որ Քանյեն իրեն իսկական խենթի պես է պահում ու չի հասկանում, թե ինչ է անում: Նրանք այս ամենը կապում են սթրեսի ու գերծանրաբեռնվածության հետ»,-նշել է քաջատեղյակ աղբյուրը: Նա հավելել է, որ ստեղծված իրավիճակն առանձնապես անհանգստացնում է Քիմին, ում ամենևին էլ դուր չեն գալիս ամուսնու թվիթերյան ակտիվությունն ու ինքնաբուխ հայտարարությունները։
Հիշեցնենք, որ վեջերս Ուեսթը հայտնել էր, որ 53 մլն դոլարի պարտք ունի բանկերին ու 1 մլրդ դոլար էր խնդրել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից: Բացի այդ, նա թվիթերյան պատերազմ էր սկսել նախկին ընկերուհու` պարուհի Ամբեր Ռոուզի ու երգչուհի Թեյլոր Սվիֆթի հետ` նրանց հասցեին հնչեցնելով վիրավորական արտահայտություններ։










