Apple-ը ներողություն է խնդրել Error 53-ի համար և շտկող ծրագիր է թողարկել արգելափակված iPhone-ների համար
Ամերիկյան Apple ընկերությունը շտկող ծրագիր է թողարկել այն օգտատերերի համար, ովքեր բախվել են Error 53-ին, որն արգելափակել է ընկերությունից դուրս այլ վայրերում հեռախոսի գլխավոր կոճակի վերանորոգում անցած iPhone-ները, գրում է The Guardian-ը։
Խնդրի պատճառը եղել է Apple-ի Touch ID մատնահետքերի ռիդերը, որը ներառված է այդ կոճակում և կարող է օգտագործվել գաղտնաբառի փոխարեն։ Եթե վնասված iPhone-ի կամ iPad-ի համապատասխան կոճակը փոխարինվել է մեկ այլ վերանորոգման ծառայության կողմից, օպերացիոն համակարգը դա հայտնաբերում է և անջատում սարքը՝ այլևս թույլ չտալով այն վերագործարկել։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ հազարավոր օգտատերեր իրենց վրդովմունքն են հայտնել՝ հայտնաբերելով, որ իրենց վերանորոգված հեռախոսները հանկարծակի արգելափակվել են օպերացիոն համակարգը թարմացնելուց հետո: Այդ ժամանակ Apple-ը հայտարարել է, որ Error 53-ն անվտանգության միջոց է, որը միտված է հաճախորդներին պաշտպանելուն, և խորհուրդ է տվել կապվել ընկերության աջակցության ծառայության հետ։
Օպերացիոն համակարգի iOS 10.9.2 նոր տարբերակի հետ միասին խնդրի կարգավորումը թողարկելով՝ Apple-ը հայտնել է TechCrunch կայքին, որ ներողություն է խնդրում հաճախորդներին պատճառած անհարմարության համար: Ընկերությունը հայտնել է նաև, որ նրանք, ովքեր վճարել են այդ խնդրի պատճառով իրենց սարքի փոխարինման համար, կարող են դիմել փոխհատուցման համար։










