Բելգիայում առանց գնացքավարի ընթացող գնացք են կանգնեցրել
Բելգիայի Լանդեն և Տիրլեմոն քաղաքների կայարանների միջև փետրվարի 18-ին՝ հինգշաբթի երեկոյան, առանց մեքենավարի և ուղևորների գնացք է անցել։ Այդ մասին հայտնում է DH.be կայքը՝ վկայակոչելով «Բելգիական երկաթուղիներ» ընկերությանը։
Ինչպես հայտնի է դարձել՝ դատարկ գնացքն ուղևորվելիս է եղել Լուվեն քաղաք, երբ մեքենավարը նկատել է անսարքությունը: Նա կանգնեցրել է գնացքը և դուրս եկել իր խցիկից այն զննելու համար։ Այդ պահին անհայտ պատճառով գնացքը շարժվել է և սկսել արագություն հավաքել: Մեքենավարն այնուհետև չի հասցրել հետ մտնել իր խցիկ:
Նա զգուշացրել է իր գործընկերներին, որոնք ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ անկառավարելի գնացքը կանգնեցնելու համար:
Տիրլեմոն քաղաքի կայարանում գտնվող մարդիկ տարհանվել են: Այնուամենայնիվ, «Բելգիական երկաթուղիներ» ընկերության մամուլի քարտուղար Բարտ Կրոլսը հայտնել է, որ նրանց կյանքին ոչինչ չէր սպառնում:
Ավելի ուշ մեքենավարներից մեկը, այնուամենայնիվ, կարողացել է մտնել խցիկ և կանգնեցնել գնացքը։
«Բելգիական երկաթգծերի» ղեկավարությունը և փորձագետները փորձում են պարզել միջադեպի պատճառները:










