Էրդողանը Թուրքիայում քաղաքացիական պատերազմ սանձազերծելու ռիսկի է դիմում. Foreign Policy

16:39 • 19.02.16

Սիրիայի քրդերը լուրջ խաղացողներ են դարձել Մերձավոր Արևելքում, և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նրանց հետ հակամարտության մեջ մտնելով, ռիսկի է դիմում փչացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և Թուրքիայի տարածքում քաղաքացիական պատերազմ սանձազերծել, գրում է թուրք լրագրող Ամբերին Զամանը Foreign Policy-ի համար հոդվածում։

 

«Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի կարևոր և ավելի ու ավելի անկանխատեսելի դաշնակիցը, այժմ ԱՄՆ-ի հովանավորության տակ գտնվող խմբի դեմ ռազմական գործողությունների մեջ ներքաշվելու շեմին է»,- գրում է լրագրողը։

 

Զամանի խոսքով՝ Սիրիայի հյուսիսում զգալի տարածություններ հետ վերցրած Սիրիայի քրդերի ազդեցությունը շարունակում է աճել, դա երկրի հակամարտությունում միակ մասնակիցն է, որին աջակցում են և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ն։ Այն փաստը, որ Վաշինգտոնն աջակցում է սիրիացի քրդերին, վրդովեցնում է թուրքական իշխանություններին։

 

Այսպես, փետրվարի 17-ին Անկարայի կենտրոնում ահաբեկչություն տեղի ունեցավ, որի կատարող են անվանել հենց սիրիացի քրդի։ Զամանը, սակայն, նշում է, որ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները՝ Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության ռազմականացված թևը, նախկինում երբեք չեն հարձակվել Թուրքիայի վրա և միանշանակ ոչ մի գործողություն չեն ձեռնարկի, որը վտանգի տակ կդնի ԱՄՆ-ի հետ իրենց հարաբերությունները։

 

Էրդողանը խոստացել է վրեժ լուծել Անկարայի պայթյունի համար, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչ քայլերի կդիմի Թուրքիան, փոխարենը՝ հստակորեն հայտնի է, որ քուրդ և թուրք դաշնակիցների միջև հավասարակշռություն պահպանել փորձող Վաշինգտոնի դիրքորոշումը դեռ երբեք «այսքան անկայուն» չի եղել։

 

Քրդերը խոստացել են պայքարել ցանկացած թուրքական ագրեսիայի դեմ, նույն դիրքորոշումն է հայտնել նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, որի զինված ուժերը շարժվում են թուրք-սիրիական սահմանի ուղղությամբ, իսկ, ինչպես գրում է Զամանը, ամենաուժեղ հարվածը կարող է հասցնել հենց Ռուսաստանը, որի ինքնաթիռը թուրքերը կործանել են անցած տարվա նոյեմբերին:

 

Այս ընթացքում Թուրքիայում ահաբեկչություններից հետո ավելանում են ազգայնական տրամադրությունները։ Էրդողանի քաղաքականությունը մասնատել է երկիրը երկու ճամբարի, և հորիզոնում երևում է քաղաքացիական պատերազմի ուրվականը, գրում է Զամանը:

 

 

Էրդողանը Թուրքիայում քաղաքացիական պատերազմ սանձազերծելու ռիսկի է դիմում. Foreign Policy