ԱՄՆ-ում մամուլի հաղորդագրությունների գողության գործով հայցեր են ներկայացվել ՌԴ ևս 5 քաղաքացու դեմ
ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հարցերով հանձնաժողովը հայցեր է ներկայացրել Ռուսաստանի ևս հինգ քաղաքացու և նրանց ղեկավարած ընկերությունների դեմ` միջազգային հաքերային ցանցի մասին աղմուկ հանած գործի շրջանակում։
Ցանցը ֆոնդային շուկայում առևտրի համար օգտագործել է չհրապարակված կորպորատիվ տեղեկություններ, հայտնում է interfax.ru-ն: Գործով արդեն անցնում են տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Կիպրոսից, Մալթայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից ավելի քան 30 անձինք։
Ամերիկյան կարգավորիչը հայտնել է, որ անօրինական գործողությունների հաշվին մոտ 20 միլիոն դոլար աշխատած 9 նոր մեղադրյալների ակտիվները սառեցվել են: Ընդհանուր առմամբ, ցանցի մասնակիցներն այդ գործունեության միջոցով մի քանի տարվա ընթացքում ավելի քան 100 միլիոն դոլար են աշխատել։
Ուկրաինացի հաքերները կոտրել են տեղեկությունների հրապարակման գծով մասնագիտացած միջազգային գործակալությունների՝ PRNewswire-ի, Marketwired-ի և Business Wire-ի սերվերները: Այնուհետև դեռևս չհրապարակված մամուլի հաղորդագրությունները փոխանցվել են շուկայի մասնակիցներին և օգտագործվել տասնյակ ընկերությունների, այդ թվում նաև՝ Boeing-ի, Hewlett-Packard-ի, Caterpillar-ի, Oracle-ի բաժնետոմսերի հետ կապված գործողությունների համար։










