Մոսկվան կասկած է հայտնել, որ Բաքուն վերաարտահանում է թուրքական միրգ- բանջարեղենը

10:16 • 19.02.16

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է, որ կասկածում է Ադրբեջանին Ռուսաստան թուրքական միրգ-բանջարեղենի վերաարտահանման համար՝ չնայած Մոսկվայի էմբարգոյին, գրում է contact.az-ը։

 

«Ադրբեջանի և Իրանի կողմից Թուրքիայից արտադրանքի արտահանման կանխման վերաբերյալ պարտավորությունների կատարման ստուգման ընթացքում մենք պարզել ենք, որ հունվարին Ադրբեջանը 5 անգամ ավելացրել է լոլիկների մատակարարումը Ռուսաստան»,- հայտարարել է Դանկվերտը:

 

Նրա խոսքով՝ «Ռոսսելխոզնադզորին» «անհասկանալի» է, թե ինչպես Ադրբեջանը կարող էր այդպես կտրուկ ավելացնել ջերմոցային լոլիկների մատակարարման ծավալը։

 

Դանկվերտը չի բացառել, որ ռուս տեսուչները ստիպված կլինեն մեկնել Ադրբեջան՝ ստուգելու համար, թե որտեղ են աճեցվում լոլիկները Ռուսաստան մատակարարելու համար, և փակել վերաարտահանման անօրինական ճանապարհը։

 

Բանջարեղենի, մրգերի և մի շարք այլ ապրանքների մատակարարումը Թուրքիայից Ռուսաստան արգելվել է 2016 թվականի հունվարի 1-ից:

 

Մոսկվան կասկած է հայտնել, որ Բաքուն վերաարտահանում է թուրքական միրգ- բանջարեղենը