Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «խորապես հարգում է» Հռոմի պապին
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «խորապես հարգում» է Հռոմի պապին և պատրաստ է հանդիպել նրա հետ ցանկացած ժամանակ` տարաձայնությունները քննարկելու համար, փոխանցում է РИА Новости-ն:
Թրամփը հայտարարել է, որ պատ կկառուցի Մեքսիկայի հետ սահմանին, որպեսզի թույլ չտա անօրինական ներգաղթյալների մուտքը երկիր և որ Մեքսիկան կվճարի այդ պատի համար։ Հռոմի պապը հինգշաբթի ասել է, որ «այն մարդը, ով մտածում է պատի շինարարության մասին, քրիստոնյա չէ»:
«Ես խորապես հարգում եմ Հռոմի պապին: Կարծում եմ՝ նա շատ լավ գործ է անում, նա շատ էներգիա ունի: Սակայն ես կարծում եմ, որ նրան սխալ են հասկացել, ինչպես նաև նրան սխալ տեղեկություն են տրամադրել»,- հայտարարել է Թրամփը:
Քաղաքական գործիչը բացատրել է, որ նման սխալ տեղեկությունը պատի շինարարության պլանների մասին պոնտիֆիկոսին հասցրել է Մեքսիկան:
«Եթե նա լսեր հակառակ կողմին, մարդկանց, ովքեր ապրում են ԱՄՆ-ում... Ես պատրաստ եմ խոսել նրա հետ ցանկացած ժամանակ, երբ նա ցանկանա: Նա ինձ դուր է գալիս, դուր է գալիս որպես անձնավորություն, ինձ դուր է գալիս այն, ինչ ինքը ներկայացնում է: Եվ ես, անկասկած, խորապես հարգում եմ նրա դիրքորոշումը»,- ասել է Թրամփը:
Դրանից գրեթե մի քանի ժամ առաջ միլիարդատերը Հռոմի պապի խոսքերի մասին ավելի խիստ արտահայտություններ էր արել` հայտարարելով, որ «անտանելի է, երբ հոգևոր առաջնորդը կասկածի տակ է դնում մարդու հավատը»։










