Թուրքիայի նախագահի որդու փաստաբանը հերքել է իր հաճախորդի դեմ մեղադրանքները
Իտալացի փաստաբան Ջովանի Տրոմբինին, ով ներկայացնում է Բիլալ Էրդողանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու շահերը, անհիմն է համարում իր հաճախորդի դեմ փողերի լվացման համար ներկայացված մեղադրանքները, գրում է РИА Новости-ն։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բոլոնիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի նախագահի որդու՝ 35-ամյա Բիլալ Էրդողանի նկատմամբ: Հայտնի է դարձել, որ անցած տարվա սեպտեմբերից կնոջ և երկու երեխաների հետ Բոլոնիայում ապրող և դոկտորական թեզի վրա աշխատող Էրդողանի 35-ամյա որդու դեմ գործը բացվել է Մուրաթ Հաքան Ուզանի դիմումի հիման վրա, ով Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հակառակորդն է և ապրում է Ֆրանսիայում։
Գործում նշվում է, որ Բիլալ Էրդողանը եղել է 2013 թվականի դեկտեմբերին խոշոր կոռուպցիոն սկանդալում ներգրավված գլխավոր գործող անձանցից մեկը: Այդ սկանդալի մեջ ներգրավված է եղել այդ ժամանակ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Էրդողանի մոտ շրջապատը։
«Իմ հաճախորդը կապ չունի փողերի լվացման մասին ենթադրությունների հետ, նրա բոլոր տնտեսական և ֆինանսական գործողությունները թափանցիկ են և օրինական»,- ասել է Տրոմբինին՝ հավելելով, որ հետաքննությունը գաղտնի է անցկացվում, և իտալական իշխանությունները ոչ մի ապացույց չունեն նրա հաճախորդի մեղավորության վերաբերյալ:










