ԵՏՄ–ին առնչվող նորություններն առավել հասանելի դարձնելու ծրագիր է իրականացվում
Եվրասիական տնտեսական միությանն առնչվող նորություններն առավել հասանելի դարձնելու համար հայ և ռուս գործընկերները համատեղ ծրագիր են իրականացնում «Եվրասիա 24» անվամբ:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Եվրասիական ընտրություն» միջազգային կազմակերպության նախագահ Ռոման Շկոլինը «Եվրասիա 24»-ն իր էությամբ յուրօրինակ հարթակ է, որովհետև ներկայացվելու են ԵՏՄ անդամ բոլոր պետությունների հետ առնչվող նորությունները, ԱՊՀ տարածքում կատարվող իրադարձությունները, ՀԱՊԿ-ի հետ առնչվող լուրերը և այլն:
«Ընթանալու են քննարկումներ նաև այն մասին, թե ինչ է կատարվում ԵՏՄ-ում, ինչո՞ւ է կատարվում, լինելու են վերլուծություններ, վիճակագրություն: Որպեսզի հարթակը հասանելի դառնա, այն լինելու է երկլեզու՝ հայերեն և ռուսերեն: Այս ամենը տեղադրվելու է ինֆորմատիկայի միջոցով, որ շարքային քաղաքացու համար տեղեկատվությունն ընկալելի դառնա»,- նշեց Ռոման Շկոլինը:
Ըստ նրա՝ ԵՏՄ անդամ-պետությունների հասարակությունը քիչ է տեղեկացված միությունից: «Նույնիսկ այն պետություններում, որոնք լիարժեք անդամ են ԵՏՄ-ին, տեղեկացվածությունը ԵՏՄ մասին շատ քիչ է: Քանի որ ԵՏՄ-ն աշխարհաքաղաքական ներկայիս դրության մեջ դարձել է «ցուլի առջև թափահարվող կարմիր կտոր», կշիռ ունի, արվում է ամեն ինչ, որ այս միությունը տապալվի: Դա արվում է ԵՄ, ԱՄՆ կողմից ֆինանսավորվող ոչ պետական կազմակերպությունների կողմից: Ուստի մենք որոշեցինք դիմակայել այս դեստրուկտիվ քաղաքականությանը»,- ասաց Շկոլինը:
ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ իր հերթին նշեց, որ ԵՏՄ մասին քաղաքացիների տեղեկատվության աստիճանի բարձրացումը կարևոր է, որպեսզի մարդիկ իմանան՝ ուր ենք գնում, ինչի համար: Ըստ Բաբուխանյանի՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը կարևոր ուղղություն է մեր արտաքին քաղաքական դաշտում:
«Կովկաս» աշխարհաքաղաքական ակումբի տնօրեն Նիկոլայ Բանինն էլ նշեց, որ ծրագիրը, որը գործելու է 5 պետություններում, բավական բարդ է իրականացնել: «Քանի որ Հայաստանը նախագահում է ԵՏՄ-ում, մենք մեծ հույսեր ունենք Հայաստանի հետ: Մենք հույս ունենք, որ ՀՀ ամեն քաղաքացի կհասկանա՝ ինչ է ԵՏՄ-ն, ինչ ծրագրեր են արվում, ինչ զարգացումների է տարվում»,- նշեց Բանինը:
Ի դեպ, փորձագետները հանդիպել են ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ կուսակցությունների հետ, ովքեր նրանց փոխանցմամբ, պատրաստակամ են աջակցել ծրագրի իրականացմանը:
Ըստ Նիկոլայ Բանինի՝ Հայաստանում կարևոր զարգացումներ են ընթանում, ՀՀ-ն քննարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, ինչը թույլ է տալիս այսուհետ ասել, որ ԵՏՄ-ն «նախագահների ակումբ» չէ: «Խորհրդարանական խմբակցությունները, որոնք ընդդիմադիր են, ամեն դեպքում կոնստրուկտիվ են վերաբերվում Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին»,- շեշտեց ռուս փորձագետը:
Ռոման Շկոլինն էլ ասաց, թե Հայաստանում ԵՏՄ-ի վերաբերյալ բացասական վերաբերմունք կա, որովհետև տեղեկատվության պակաս կա: «Նույնիսկ խորհրդարանականները, կներեք ինձ, չեն կարողանում բացատրել՝ ինչ է եվրասիական ինտեգրացիան: Բացի դրանից, աշխատում է նաև հակադիր պրոպագանդան, ինչն ազդում է երիտասարդության և մյուս խմբերի վրա»,- հավելեց նա:










