«Գուդվին»-ի աշխատակցի սպանության մեջ մեղադրվողը հայտնաբերվել է ՌԴ–ում և ձերբակալվել
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում 2015 թվականի դեկտեմբերի 24-ին գրասենյակի աշխատակցի սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Կարեն Շահինյանը հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում: Այս մասին Tert.am-ին հաղորդեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Քրեական հետախուզության գլխավոր վարչությունն օպերատիվ տեղեկություններով ճշտել էր նրա գտնվելու վայրը, ինչպես նաև համագործակցելով Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ, փետրվարի 18-ին Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաքում հայտնաբերել և ձերբակալել ենք նրան: Այժմ որոշվում է նրան էքստրադիցիայի ենթարկելու հարցը»,- հաղորդեցին լրատվական վարչությունից:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։
Նշենք, որ նախնական տվյալներով՝ 2015թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը՝ մինչև ժամը 11-ն ընկած ժամանակահատվածում, տեղի է ունեցել ավազակային հարձակում՝ գումար հափշտակելու դիտավորությամբ։ Առերևույթ հանցագործություն կատարած անձը որպես զենք օգտագործվող սուր կտրող ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ էր հասցրել գրասենյակում աշխատող Արթուր Նազարյանի որովայնի, պարանոցի և կրծքավանդակի հատվածներին՝ սպանելով նրան ու հափշտակել գումար:










