ՕԵԿ-ը կդադարեցնի գործունեությունը. տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարը (լուսանկարներ)

16:52 • 21.02.16

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարը, որի  կարևորագույն հարցն է եղել  «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության ձևավորումը, որի նախագահը միաձայն ընտրվել է «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ միավորման անդամ կուսակցությունները կդադարեցնեն իրենց գործունեությունը և այն կշարունակեն «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության ներքո: Դրան միացած հասարակական կազմակերպությունները կշարունակեն իրենց հասարակական գործունեությունը:

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցության ձևավորումը պայմանավորված է «բոլոր ուժերը միավորելու ձգտմամբ, որպեսզի  միասնական պայքարեն Հայաստանի վերածննդի, բարեփոխումների իրականացման, սոցիալական այս բարդ ծայրաստիճան իրավիճակներից դուրս գալու, աղքատության և այլ խնդիրների դեմ իրական  փոփոխություններ իրականացնելու համար»։

Նա նշեց, որ այսօր տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների պարագայում, որոնք Հայաստանի համար և՛ մարտահրավեր են, և՛ հնարավորություններ, անհրաժեշտություն կա միավորել պոտենցիալը ռեգիոնում՝ ազգային պաշտպանության, նպատակների իրականացման համար:

Ինչ վերաբերում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, ապա նա ասաց. «Հայկական վերածնունդ միավորումը իհարկե պատրաստ է մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին»:

Հարցին, թե ՕԵԿ-ը չէ՞ր կարող հաղթահարել անհրաժեշտ շեմը և կուսակցությունը ընդլայնելու անհրաժեշտություն կա՞ր, խմբակցության քարտուղարը պատասխանեց. «ՕԵԿ-ը ստեղծման առաջին օրվանից մշտապես եղել է խորհրդարանական քաղաքական ուժ և մշտապես ունեցել է և ունի իր հավատարիմ էլեկտորատը։ Այստեղ ոչ մի խնդիր չկա և դա արհեստական հարց է: Մենք հասկանում ենք, որ Հայաստանում փոփոխություններ անելու համար անհրաժեշտ է միավորել այն բոլոր ուժերը, որոնք կամք ու պատրաստակամություն ունեն, սա է խնդիրը: Հիմնահարցը միավորման մեջ է»։

Անդրադառնալով իրավական կողմին՝  նա ասաց, որ քանի որ ՕԵԿ-ը ԱԺ-ում խմբակցություն ունի, որոշ իրավական նրբերանգներ կան, բայց բոլորը միասին մեծ քաղաքական ուժ են ձևավորել:

Ինչ վերաբերում է նորաստեղծ կուսակցության ծրագրերին, ապա նա ասաց, որ գործելու են ընդդիմադիր դաշտում:

«Համագումարին ներկայացվեց կուսակցության ծրագրերի նախագիծը, որն ունի մի քանի ուղղություններ, սակայն կարևորագույն խնդիրները նախ և առաջ մարդու հնարավորություններն են, պաշտպանությունը, պոտենցիալի  վերհանումը, ազգային ներուժի համախմբումը,  ժողովրդավարության զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև կարևորագույն խնդիրներից է տնտեսական ժողովրդավարության զարգացումը, և իհարկե մեր անվտանգության խնդիրները»,-ասաց նա:

Նա նշեց, որ հրաժարականների խնդիրներ այս պահին չեն դրվում, և բոլոր որոշումները կուսակցության կառավարման խորհրդի կողմից կլինեն: Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտի այլ կուսակցությունների հետ համագործակցությանը, ապա նա ասաց, որ համագործակցություն կարող  է լինել, եթե լինեն ընդհանուր տեսլական և մոտեցումներ:

 

 

 

 

 

 

 

 

ՕԵԿ-ը կդադարեցնի գործունեությունը. տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարը (լուսանկարներ)