Ասանժի փաստաբանները խնդրում են Շվեդիային չեղյալ հայտարարել նրա ձերբակալության օրդերը
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանները խնդրել են Շվեդիայի դատարանին չեղյալ հայտարարել նրա ձերբակալության օրդերը, հաղորդում է Reuters գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ շվեդական դատախազությունը նոր միջնորդություն է պատրաստում Լոնդոնում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հարցաքննության համար՝ չնայած ՄԱԿ-ի աշխատանքային խմբի որոշմանը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը որոշում է ընդունել հօգուտ ակտիվիստ Ջուլիան Ասանժի՝ կոչ անելով դադարեցնել նրա նկատմամբ անհիմն հետապնդումը։ Մարմինը վճռել է, որ Ասանժի ձերբակալության մասին դատական որոշումը «չհիմնավորված» է եղել։
Ասանժը թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան շենքում 2012 թվականի հունիսից՝ Շվեդիա արտահանձնումից խուսափելու համար, որտեղ նրան հետախուզում են 2010 թվականին բռնաբարության համար մեղադրանքների առնչությամբ: Ինքը՝ WikiLeaks-ի հիմնադիրը, հերքում է այդ մեղադրանքները։










