Լուկաշենկոն աջակցել է Ասադին` Սիրիայի տարածքային ամբողջականության հարցում
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ստացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղերձը, որում աջակցություն է հայտնվում սիրիացի ժողովրդին նրա` երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար անզիջում պայքարի հարցում, հայտնում է Интерфакс-ը` հղում անելով Բելառուսի կոմունիստական կուսակցությանը, որի պատվիրակությունն աշխատանքային այցով այցելել է Դամասկոս։
«Բելառուսի կոմունիստական կուսակցության պատվիրակությանը, որն աշխատանքային այցով գտնվում է Դամասկոսում, կիրակի ընդունել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը: Կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Իգոր Կարպենկոն Ասադին է փոխանցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղերձը»,- ասել է կուսակցության մամուլի ծառայության աշխատակիցը:
Ուղերձում աջակցության խոսքեր են` ուղղված սիրիացի ժողովրդին, ով անզիջում պայքարում է իր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար: Հաստատվել են Բելառուսի մտադրությունները հետագայում էլ զարգացնել բարեկամական հարաբերությունները Սիրիայի հետ, ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում։










