Իրաքի զինվորականները ԻՊ-ի 46 գրոհայինի են ոչնչացրել՝ դիմագրավելով Էր-Ռամադիի մոտակայքում հարձակմանը

16:21 • 22.02.16

Իրաքի բանակն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 46 գրոհայինի է ոչնչացրել՝ դիմագրավելով Էր-Ռամադիից արևելք ընկած հատվածում ահաբեկիչների հարձակմանը։ Այդ մասին Alsumaria հեռուստաալիքին հայտնել է տեղի ռազմական հրամանատարության ղեկավար Իսմաիլ ալ-Մահլաուին։

 

«ԻՊ խմբավորումն առավոտյան հարձակվել է Էր-Ռամադիից արևելք ընկած էլ-Համիդիա շրջանում գտնվող ճանապարհին տասներորդ ջոկատի բազայի վրա: Ջոկատի ուժերը միջազգային կոալիցիայի աջակցությամբ հետ են մղել հարձակումը և սպանել են ԻՊ-ի 46 գրոհայինի»,- հայտնել է ալ-Մահլաուին:

 

Ինչպես նշում է հեռուստաալիքը, շրջանը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, նախկինում հետ է վերցվել ահաբեկիչներից։ Զինվորականները հսկողություն են սահմանել ճանապարհին։

 

Իրաքի բանակն ակտիվ մարտական գործողություններ է վարում ահաբեկիչների դեմ Անբար շրջանում՝ ռազմաօդային ուժերի, աշխարհազորայինների և ԱՄՆ-ի ղեկավարությամբ միջազգային կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ: Նահանգի կենտրոնի՝ Էր-Ռամադի քաղաքի նկատմամբ հսկողությունը վերականգնվել է 2015 թվականի դեկտեմբերին։

 

Իրաքի զինվորականները ԻՊ-ի 46 գրոհայինի են ոչնչացրել՝ դիմագրավելով Էր-Ռամադիի մոտակայքում հարձակմանը