Միչիգանում 6 մարդու սպանած տղամարդը Uber տաքսի ծառայության վարորդ է եղել

11:04 • 22.02.16

Ամերիկյան Միչիգան նահանգում շաբաթ օրը 6 մարդու սպանած և 2-ին վիրավորած տղամարդը Uber առցանց տաքսի ծառայության վարորդ է եղել, գրում է Associated Press գործակալությունը։

 

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ 45-ամյա Ջեյսոն Դալթոնը, ով այժմ ձերբակալված է, իսկապես աշխատել է որպես վարորդ տվյալ ծառայությունում։ Ընդ որում՝ ընկերությունում դժվարացել են նշել` արդյոք տղամարդը հրաձգությունն իրականացրել է հենց իր աշխատանքային ժամին։

 

Ընկերությունում վստահեցրել են, որ Դալթոնն անցել է անվտանգության բոլոր անհրաժեշտ ստուգումները, որոնք Uber-ն իրականացնում է ապագա վարորդների համար:

 

Uber-ն արգելում է իր վարորդներին, ինչպես նաև տաքսու ուղևորներին մեքենայում գտնվել հրազենով: 

 

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Դալթոնը կրակ է բացել Միչիգան նահանգի Կալամազու շրջանի մի քանի թաղամասերի ուղղությամբ` իր մեքենայով շրջելու ընթացքում: Տղամարդը նախ սկսել է կրակել մի առանձնատան մոտակայքում` վիրավորելով մի կնոջ: Այնուհետև 4 ժամ անց նա մոտեցել է առաջին դեպքից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող ավտոսրահին, որտեղ 2 մարդ է սպանել։
 

Այնուհետ նա միանգամից 4 մարդու է սպանել` կրակ բացելով տեղի ռեստորանի հարևանությամբ կայանված մեքենաների ուղղությամբ: Տղամարդը ձերբակալվել է վերջին սպանությունից մի քանի ժամ անց: Նա հրաժարվում է նշել իր գործողությունների դրդապատճառները:
 

Միչիգանում 6 մարդու սպանած տղամարդը Uber տաքսի ծառայության վարորդ է եղել