Ռուսաստանով պայմանավորված չեն Հայաստան-Թուրքիայի հարաբերությունները. Էդուարդ Շարմազանով

19:24 • 22.02.16

Դաշնակցային հարաբերություններում Հայաստանը պետք է իրականացնի այն պարտավորությունները, որն ունի իր դաշնակիցների նկատմամբ: Նույն կերպ պետք է վարվեն նաև Հայաստանի դաշնակից պետությունները Հայաստանի նկատմամբ:

 

Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ  Շարմազանովը՝ ի պատասխան հարցադրմանը, թե արդյոք Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի կողմից ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հետ զրույցում արված հայտարարությունը, թե Հայաստանը պարտավոր է ռազմական աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին, եթե ՌԴ-ն Թուրքիայի հետ պատերազմ սկսի, վտանգավոր չէ՞:
 

«Հայաստանը պետք է բացառապես պաշտպանի իր ազգային, պետական շահը, ինչը արել է, անում է և անելու է»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
 

Էդուարդ Շարմազանովը նախ անգրագետ որակեց ռուսական թերթի լրագրողի հարցը, թե ինչպե՞ս կվարվի Հայաստանը, եթե ռուս-թուրքական հարաբերությունները վերաճեն ռազմական գործողությունների, ապա շեշտեց, որ ՌԴ-ում որևէ լուրջ մարդ լուրջ չի գնահատում Թուրքիա-Ռուսաստան հնարավոր պատերազմից խոսելը:


«Մենք՝ որպես Ռուսաստանի դաշնակից, որպես երկիր, որը Թուրքիայի հետ ունի ցամաքային սահման, շահագրգռված չենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները սրվեն: Ռուսաստանով պայմանավորված չեն Հայաստան-Թուրքիայի հարաբերությունները: Մեզանից լավ Թուրքիայի քաղաքականությունը որևէ մեկը չգիտի»,- ընդգծեց նա։
 

ԱԺ փոխնախագահը նշեց, որ այս տարիներին «մենք տեսել ենք Թուրքական մի քաղաքականությունը, որը հարիր չէ ժողովրդավարական պետությանը»: Ըստ նրա՝ Թուրքիան այն պետությունն է, որն օկուպացիայի է ենթարկել Եվրամիության անդամ Կիպրոսի տարածքի 35 տոկոսը:
 

«Թուրքիան մի երկիր է, որն ուզում է անպոչ գդալի նման մեջ ընկնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, երբ այնտեղ անելիք չունի: Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ կապ չունեն ռուս-թուրքական հարաբերություններով,  եթե իրենց հարաբերությունները վատ են, ուրեմն մերն էլ վատ են: Այո, ՌԴ-ն մեր դաշնակիցն է, բայց մենք շահագրգռված չենք, որ այս տարածաշրջանում լինի էսկալացիա»,- հավաստիացրեց Էդուարդ Շարմազանովը:
 

Նրա խոսքով՝ Հայաստանը ՌԴ-ին տարիներ շարունակ ներկայացրել է Թուրքիայի իրական պատկերը: «Կարծում եմ, որ Ռուսաստանում իրական պատկերը գիտեին, բայց եկավ մի պահ, երբ մենք ասացինք, երբ իրենց հարաբերությունները մերձեցան: Կրկնում եմ, ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց պատերազմի մասին խոսելը կներեք դասական անգրագիտություն է: Եվ ինչպես ասաց պարոն Պեսկովը, ես նրա հետ համամիտ եմ, մեյդան բերել, հրապարակ նետել թեզը, թե ռուս-թուրքական հարաբերությունները ... Այո՛, հիմա բարդ փուլում են, բայց սա չի նշանակում, որ Թուրքիան Սու-24-ը խփեց նոր մենք իմացա՞նք, թե ով է Թուրքիան»:

 

Հարցին, թե ՌԴ-ն հասկացա՞վ՝ ով է Թուրքիան, Շարմազանովը պատասխանեց, թե ինքը չէ, որ պետք է մեկնաբանի ՌԴ քայլերը:

 


 

Ռուսաստանով պայմանավորված չեն Հայաստան-Թուրքիայի հարաբերությունները. Էդուարդ Շարմազանով