Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու հարցն օրակարգում չէ. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Սիրիայում ցամաքային գործողության անցկացման մասին հարցն օրակարգում չէ, հաղորդում է Reuters գործակալությունը։
Չավուշօղլուն նաև նշել է, որ Սիրիայում ցանկացած ցամաքային գործողության պետք է մասնակցեն ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի բոլոր անդամ երկրները: Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Հալիթ Չևիքը հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում միայնակ զորք մտցնել Սիրիա:
Նա նշել էր, որ Անկարան կանցնի սիրիական տարածքում ցամաքային գործողության միայն միջազգային կոալիցիայի կազմում կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան թույլտվության առկայության դեպքում։










