Ինքնաթիռներում արգելվել է լիթիում-իոնային մարտկոցներ անցկացնել
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը՝ ICAO-ն, արգելել է ուղևորատար օդանավեր անցկացնել լիթիում-իոնային մարտկոցներ, հաղորդում է Reuters գործակալությունը։
Տեսախցիկներում, սմարթֆոններում և այլ էլեկտրոնիկայում օգտագործվող մարտկոցների անցկացման արգելքը սահմանվել է հրդեհի վտանգի պատճառով: Նախկինում նմանատիպ արգելք է սահմանվել չվերալիցքավորվող լիթիում-մետաղական մարտկոցների համար, որոնք առավել հաճախ օգտագործվում են ժամացույցներում։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2016 թվականի ապրիլի 1-ից և կտևի այնքան, մինչև «վտանգավոր բեռի» համար չսահմանվի նոր ստանդարտ հրակայուն փաթեթավորում։
Արգելքը պարտադիր կլինի ICAO-ի բոլոր՝ 191 անդամ երկրների համար։










