Եգիպտոսում 4-ամյա երեխայի ցմահ ազատազրկումը սխալմունք է եղել
Եգիպտոսի ռազմական դատարանը սխալ է թույլ տվել չորս տարեկան երեխային սպանության համար ցմահ ազատազրկելու գործում, հայտարարել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Եգիպտոսում Ահմեդ Մանսուր Քուրանի անունով չորս տարեկան երեխան դատապարտվել է ցմահ ազատազրկման: Նրան Կահիրեի դատարանը մեղավոր է ճանաչել սպանություն կատարելու համար։ Ենթադրյալ հանցանքի ժամանակ Քուրանին եղել է ընդամենը երկու տարեկան:
Գերատեսչության խոսնակ գնդապետ Մուհամադ Սամիրը հայտնել է, որ դատարանը փոխարենը պետք է վճիռ կայացներ նույն անունով 16 տարեկան մի տղայի նկատմամբ:
Ահմեդ Մանսուր Քուրանի Ալին 115 անձանց հետ միասին դատապարտվել է 2014 թվականին Ֆայում շրջանում «Մուսուլման եղբայրներ» շարժման աջակիցների կողմից իրականացված անհնազանդությունների առնչությամբ։
Գնդապետ Սամիրը հայտնել է, որ 16 տարեկան Քուրանին պետք է դատապարտվեր և ոչ չորս տարեկան երեխան։ Այնուամենայնիվ, հայտնի չէ, թե ինչ է լինելու երեխայի ճակատագիրը։
Երեխայի փաստաբանը հայտնել է, որ նրա անունը սխալմամբ է ավելացվել կասկածյալների ցանկում, և դատարանի պաշտոնյաները չեն փոխանցել նրա ծննդյան վկայականը դատավորին՝ ապացուցելու համար, թե քանի տարեկան է եղել նա հանցագործության ժամանակ։
Նա դատապարտվել է չորս սպանության, ութ սպանության փորձի և վանդալիզմի համար։










