Մեկ դերասանի թատրոն. Կադիրովը մեկնաբանել է ռուս ընդդիմադիր գործչի՝ իրեն ուղղված մեղադրանքներով զեկույցը

12:06 • 23.02.16

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հրապարակել է «Ազգային անվտանգության սպառնալիք» զեկույցը, որը պատրաստել է ռուս ընդդիմադիր, «Պարնաս» կուսակցության նախագահի տեղակալ Իլյա Յաշինը։ Զեկույցի հղումը Չեչնիայի ղեկավարը հրապարակել է սոցցանցերի իր էջերում, գրում է meduza.io-ն։

 

«Իմ վերաբերմունքն այդ մեկ դերասանի թատրոնին ես արտահայտում եմ նրանով, որ տարածում եմ այս ստեղծագործությունը։ Չգիտենք, թե էլ ինչ հիմարություններ դեռ կլինեն, բայց գրվածը հիմարությունից բացի այլ բան չի պարունակում»,- գրել է Կադիրովը։

 

Յաշինի զեկույցում նշված է Չեչնիայում դաշնային ուժերի դեմ մարտական գործողություններին Կադիրովի մասնակցության մասին, անձնական իշխանության ռեժիմի հաստատման և հանրապետությունում Կադիրովի անհատի պաշտամունքի, բազմամիլիարդանոց սուբսիդիաների մասին, որ Չեչնիայի ղեկավարը ստանում է դաշնային կենտրոնից, հանրապետությունում հաստատված «տուրքի հավաքման համակարգի», ինչպես նաև անձամբ Կադիրովին հավատարիմ 30-հազարանոց զինված խմբերի ստեղծման մասին։

 

Յաշինը մեղադրում է Կադիրովին չեչեն հրամանատարների, լրագրող Աննա Պոլիտկովսկայայի և ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար։ Նա պնդում է, որ Կադիրովն իրականացնում է Չեչնիայի իսլամականացման քաղաքականություն, ինչով նպաստում է միջազգային ահաբեկչության ուժեղացմանը։

 

Թե ինչքանով է Կադիրովի հրապարակած տարբերակը համապատասխանում զեկույցի օրիգինալ տեքստին՝ հայտնի չէ։ Այն պաշտոնապես պետք է ներկայացվի Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ին, այդ ժամանակ էլ համացանցում պետք է հայտնվեր նաև էլեկտրոնային տարբերակը։

 

Մեկ դերասանի թատրոն. Կադիրովը մեկնաբանել է ռուս ընդդիմադիր գործչի՝ իրեն ուղղված մեղադրանքներով զեկույցը