Բուլղարիայի վարչապետը սպանության սպառնալիքով և փամփուշտով ծրար է ստացել

10:29 • 23.02.16

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն անանուն նամակ է ստացել, որում եղել է սպանության սպառնալիք։

 

Ծրարում, որն ուղարկվել է նախարարների խորհրդի շենք, եղել է Բորիսովի լուսանկարը, փամփուշտ և ուղերձ թերթերից կտրված տառերով, գրում է segodnya.ua-ն։


Հատուկ ծառայությունները սկսել են միջադեպի առնչությամբ ստուգումները:

 

Բորիսովը հաստատել է, որ իրեն սպանությամբ են սպառնում։ Նա նշել է, որ զարմացած չէ սպառնալիքներից այն բանից հետո, երբ ավելի քան 1.7 մլրդ դոլար է առգրավել մաքսանենգներից և հեռացրել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների:


«Ոչ առաջին և ոչ էլ վերջին անգամը չէ, երբ մաքսանենգներից մոտ 3 մլրդ լև ես խլում և ձեռնարկում ես այլ գործողություններ, միշտ էլ կարելի է պատասխան գործողություններ ակնկալել»,- ասել է Բորիսովը:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Բորիսովը պաշտոնից ազատել էր փախստականների հարցով պետական գործակալության ղեկավար Նիկոլայ Կազակովին։

Բուլղարիայի վարչապետը սպանության սպառնալիքով և փամփուշտով ծրար է ստացել