Նիկարագուայում ազատ են արձակել 8.000 կալանավորի
Նիկարագուայի իշխանություններն ազատ են արձակել ութ հազար կալանավորի՝ լցված բանտերը բեռնաթափելու նպատակով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Համաներման տակ են հայտնվել այն կալանավորները, որոնց դատարանը դատապարտել է հինգ տարուց պակաս ժամկետով ազատազրկման: Նրանց բանտից ազատելու են՝ ժամկետի մնացած մասը փոխելով պայմանականի։ Դա նշանակում է, որ նրանք ստիպված կլինեն պարբերաբար հաշվետվություն ներկայացնել տեղի իշխանություններին իրենց տեղաշարժի մասին։
Բացի այդ, Նիկարագուայի կառավարությունը որոշել է երկրից վտարել մոտ 100 օտարերկրացի կալանավորի: Նրանք իրենց ժամկետները կանցկացնեն իրենց հայրենիքներում։
Իշխանություններն իրենց գործողությունները բնութագրել են որպես հաշտեցման քաղաքականություն։
Նիկարագուայում, գնահատականների համաձայն, բոլոր բանտերն ընդհանուր կարող են տեղավորել մոտ 5.000 մարդու: Ընդ որում՝ մինչ այժմ այդ բանտերում եղել է մոտ երկու անգամ ավելի շատ կալանավոր։










