Մասնագետները խորհուրդ են տալիս առաջիկա մի քանի օրերին ավարտել պտղատու ծառերի էտը

12:27 • 23.02.16

 

Ընթացիկ տարվա փետրվարին գրանցված բազմամյա նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել սովորականից փոքր-ինչ ավելի վաղ ժամկետներում:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, մասնավորապես, հյուսիս-արևելքում (Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի, Թումանյանի տարածաշրջաններում) և Սյունիքի հովիտներում (Մեղրու տարածաշրջան) անհրաժեշտ է առաջիկա մի քանի օրերի ընթացքում ավարտել պտղատու ծառատեսակների էտը և շարունակել խաղողի վազերի էտի աշխատանքները:

 

Արարատյան հարթավայրում պետք է արագացնել կորիզավոր պտղատեսակների էտը և սկսել նաև հնդավորների (խնձորենի, տանձենի, սերկևիլենի) էտի աշխատանքների կատարումը:
 

Նախալեռնային գոտում խորհուրդ է տրվում սկսել կորիզավոր պտուղների էտը, իսկ 7-10 օր հետո` նաև հնդավորների էտը: Պտղատու ծառերի էտը պետք է ավարտել մինչև բողբոջների ուռչելը: Նշված ժամկետում անհրաժեշտ է ծառերի բները մշակել կրակաթով (սպիտակեցնել կրի լուծույթով) և սնկային հիվանդությունների դեմ բուժել պղինձ պարունակող պատրաստուկով:

 

Փետրվարի վերջերին Արարատյան դաշտում կարելի է սկսել այգեբացը, վազերի բների բացումը, իսկ դրանից մի քանի օր հետո` էտի աշխատանքները (հատկապես մեծ տարածքների վրա): Խորհուրդ է տրվում այգեբացը կատարել օրվա առաջին կեսին (մինչ ժամը 14:00-ն), որպեսզի աչքերի խոնավությունը վերանա, և գիշերային բացասական ջերմաստիճանների դեպքում դրանք չվնասվեն:
 

Արարատյան հարթավայրում, բաց դաշտում, վաղահաս կարտոֆիլի տունկի համար լավագույն ժամկետը կլինի մարտի 5-20-ը ընկած ժամանակահատվածը, իսկ վաղահաս կաղամբի սածիլումը նպատակահարմար է կատարել մարտի 20-ից հետո:
 

Արարատյան դաշտում բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքի և սածիլման աշխատանքները բաց բնահողում պետք է կատարել ապրիլի 25-ից հետո, երբ վերանում է ուշ գարնանային ցրտահարությունների վտանգը:
 

Խորհուրդ է տրվում ընթացիկ տարվա գարնան գյուղատնտեսական աշխատանքները կատարել նշված ժամկետներում, առանց ուշացումների ու ավելորդ շտապողականության:

 

Ջերմաստիճանային ռեժիմի հետագա հնարավոր կտրուկ փոփոխությունների դեպքում, ըստ անհրաժեշտության, նախարարության կողմից լրացուցիչ կտրվեն մասնագիտական համապատասխան ցուցումներ ու խորհուրդներ:
 

 

Մասնագետները խորհուրդ են տալիս առաջիկա մի քանի օրերին ավարտել պտղատու ծառերի էտը