Սլովենիայի բանակը կներգրավվի ներգաղթյալների հոսքի դեմ պայքարում
Սլովենիայի խորհրդարանը հաստատել է բանակի ներգրավումը` երկիր ժամանող ներգաղթյալների հոսքը վերահսկելու գործում, գրում է Reuters գործակալությունը։
Հաղորդվում է, որ Պետական սահմանների մասին օրենքում համապատասխան ուղղումներն ընդունելուն կողմ է քվեարկել 69 պատգամավոր, դեմ` ընդամենը 5-ը:
Սլովենիայի վարչապետ Միրո Ցերարն ընդգծել է, որ խորհրդարանի որոշումը չի նշանակում, որ երկիրը կսկսի ներգաղթյալների դեմ ռազմական ուժ կիրառել։ Խոսքը բացառապես այն մասին է, որ զինծառայողներն օգնեն ոստիկաններին հսկել սահմանը։ Նրա խոսքով` զինվորների թիվը կտատանվի` կախված փախստականների հոսքից։
Աղբյուրը հայտնում է, որ նախորդ տարվա հոկտեմբերից Սլովենիայի սահմանը հատել է 474.000 ներգաղթյալ: Ընդ որում՝ Սլովենիայի բնակչությունը կազմում է 2 մլն մարդ, և այն համարվում է ամենափոքր երկիրը փախստականների ճանապարհին, ովքեր ուղևորվում են Ավստրիա և Արևմտյան Եվրոպայի այլ երկրներ։










