ԱՄՆ-ում 6 մարդու սպանած տաքսիստն ընդունել է իր մեղքը

09:02 • 23.02.16

Ամերիկացի տաքսիստը, ով նախորդ շաբաթ 6 մարդու էր սպանել ԱՄՆ Միչիգան նահանգում, ինքնակամ խոստովանել է իր մեղքը ոստիկանությունում հարցաքննության ժամանակ։ Այդ մասին տեղեկացրել են նահանգի իշխանությունները, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

45-ամյա Ջեյսոն Դալթոնը հարցաքննության ընթացքում, վերջիվերջո, խոստովանել է, որ ինքն է կրակել և գիտակցաբար սպանել մարդկանց, հայտնել է շրջանի ոստիկանության խուզարկու Քորի Գիրինգելին: Նրա խոսքով` հանցագործը չի հրաժարվել հետագայում այդ խոսքերը դատարանում իր դեմ օգտագործելուց։

 

Հանցագործին մեղադրանքներ են ներկայացվել 16 կետով, այդ թվում` 6 կանխամտածված սպանության իրականացման և 2 մարդու վիրավորելու համար։ Յուրաքանչյուր սպանության համար հասնում է ցմահ ազատազրկում։ Դա առավելագույն պատժամիջոցն է Միչիգանում, որտեղ արգելված է մահապատիժը։

 

Դալթոնը կրակ էր բացել Միչիգան նահանգի Կալամազու շրջանի մի քանի թաղամասերի ուղղությամբ` իր մեքենայով շրջելու ընթացքում: Տղամարդը նախ սկսել էր կրակել մի առանձնատան մոտակայքում` վիրավորելով մի կնոջ: Այնուհետև 4 ժամ անց նա մոտեցել էր առաջին դեպքից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող ավտոսրահին, որտեղ 2 մարդու էր սպանել։

 

Այնուհետ նա միանգամից 4 մարդու էր սպանել` կրակ բացելով տեղի ռեստորանի հարևանությամբ կայանված մեքենաների ուղղությամբ: Տղամարդը ձերբակալվել է վերջին սպանությունից մի քանի ժամ անց: Նա հրաժարվում է նշել իր գործողությունների դրդապատճառները:

ԱՄՆ-ում 6 մարդու սպանած տաքսիստն ընդունել է իր մեղքը