Վարդգես Գասպարիի կնոջը մերժում են տեսակցությունը` ասելով, որ կարանտին է
Կալանավորված Վարդգես Գասպարիի կնոջը` տիկին Անահիտ Այվազիին, չի հաջողվում հանդիպել ամուսնու հետ, քանի որ կալանավայրից իրեն հայտնել են, որ ամուսինը կարանտինի մեջ է:
Tert.am -ի հետ զրույցում տիկին Անահիտն ասաց.«Ինձ ասել են, որ օրենքով`0-7 օր չի կարելի տեսնել, այդպես են ասել, ես էլ եկել եմ»:
Այսինքն` կինն ամուսնու առողջական վիճակի, հոգեվիճակի մասին իմանում է միմիայն փաստաբանի` Տիգրան Եգորյանի միջոցով, ով փոխանցել է, որ «այդ խցում բացի Գասպարիից ևս 6 անձ է պահվում, մի քիչ շատ են, բայց ընդհանուր լավ է և մարտական է տրամադրված»:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեջ։ Եվ քանի որ նա չէր ներկայանում դատարան, իրավապահներն ամեն անգամ հարկադրաբար էին տանում նիստերին:
Վարդգես Գասպարիի կինը նշեց, որ ամուսինը սրտի, ճնշման և շաքարի հետ կապված առողջական խնդիրներ ունի:
Ի պատասխան հարցի, թե Վարգես Գասպարին, հայտնի լինելով որպես հետևողական և սկզբունքային քաղաքացիական ակտիվիստ, նաև երբեմն պայքարի արտառոց ձևեր է ընտրում, պառկում է բողոքի ակցիաների վայրերում և այլն, և , հետևաբար, դժվար չէ՞ լինել Վարդգես Գասպարիի կինը, տիկին Անահիտը պատասխանեց.« Դժվար չէ, և, ըստ իս, մարդիկ շատ բաներ սովորեցին Վարդգեսից, և իշխանությունը հենց դրանից էլ անհանգստանում է»:










