1 տրիլիոն եվրոյի պայմանագրեր, 15 տոկոսով շահույթի ավելացում. Airbus-ն ամփոփել է 2015 թվականը
Եվրոպական Airbus կոնցեռնը 2015 թվականին զգալիորեն ավելացրել է իր ապրանքաշրջանառությունն ու շահույթը և մտադիր է շարունակել այդ միտումը նաև 2016 թվականին՝ արդեն դրա համար պայմանագրերի բավականաչափ քանակ կնքելով, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
Ընկերության զուտ շահույթը 2014 թվականի համեմատ ավելացել է 15 տոկոսով և կազմել է 2,7 միլիարդ եվրո։
Ապրանքաշրջանառությունն ավելացել է 6 տոկոսով և հասել է 64 միլիարդ եվրոյի։ Ելնելով դրանից՝ կոնցեռնը 1,30 եվրոյի շահութաբաժին է առաջարկում յուրաքանչյուր բաժնետոմսից, այսինքն՝ 10 եվրոցենտով ավելի, քան մեկ տարի առաջ։
2015 թվականին Airbus-ն իր համար ռեկորդային դարձած ընդհանուր 159 միլիարդ եվրո գումարի պայմանագրեր է կնքել։ Այդպիսով՝ 2015-ի վերջի դրությամբ ընկերությունն ունի 1 տրլն եվրոյի պատվեր։
Այնուամենայնիվ, կոնցեռնի ղեկավար Թոմ Էնդերսը հայտարարել է, որ 2016 թվականին ընկերության հիմնական գործունեությունից եկամուտը չի ավելանա՝ նոր ուղևորատար օդանավերի գովազդի մեծ ծախսերի հետ կապված։










