2015-ին Հայաստանում ավելացել են լայնածավալ ցույցերը մի շարք սոցիալական և քաղաքական խնդիրների շուրջ. Amnesty International

11:30 • 24.02.16

Անցած տարվա ընթացքում Հայաստանում մեծավմասամբ խաղաղ ցույցերը բազմիցս ընդհատվել են՝ այդ թվում նաև ոստիկանության կողմից ավելորդ ուժի կիրառմամբ, ինչը հանգեցրել է է՛լ ավելի շատ ցույցերի։

 

Ցույցերի կազմակերպիչները ձերբակալվել են և քրեական հետապնդման ենթարկվել կասկածելի մեղադրանքներով։ Այդ մասին ասված է աշխարհում մարդու իրավունքների հետ կապված վիճակի վերաբերյալ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։

 

«Անցած տարվա ընթացքում ավելացել են լայնածավալ ցույցերը մի շարք սոցիալական և քաղաքական խնդիրների շուրջ»,- ասված է զեկույցում։

 

Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցնում է էլեկտրաէներգիայի գների աճի և սահմանադրական փոփոխությունների շուրջ առաջացած բողոքի ալիքները։ Սեպտեմբերի 21-ին իշխանությունների դեմ բողոքող ընդդիմադիր խմբի անդամ Սմբատ Հակոբյանը, համաձայն հաղորդումների, հարձակման և ծեծի է ենթարկվել։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և երեք կասկածյալ ձերբակալել։ 2014 թվականին երեք ցուցարարի նկատմամբ տեղի ունեցած համանման հարձակման հետաքննությունը ոչ մի արդյունքի չի հասել 2015 թվականին, նշված է զեկույցում։

 

Նաև նշվում է ոստիկանության կողմից ավելորդ ուժի կիրառման դեպքերի մասին՝ Գյումրիում Ավետիսյանների սպանությանը հաջորդած բախումների և Երևանում էլեկտրաէներգիայի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Կազմակերպությունը հիշատակում է ջրցան մեքենայի օգտագործումը ցուցարարների վրա և նշում, որ ոստիկանությունը նաև ավելորդ ուժ է կիրառել լրագրողների նկատմամբ՝ առգրավելով և վնասելով նրանց տեխնիկան, ինչի համար ավելի ուշ պաշտոնապես ներողություն է խնդրել։  Կազմակերպությունը նաև հիշեցնում է Հիմնադիր խորհրդարանի հինգ անդամների ձերբակալությունը և նրանց նկատմամբ շարունակվող քրեական գործերը։

 

Զեկույցի համաձայն՝ մտահոգություն են շարունակում առաջացնել հանցագործների անպատժելիությունը և ոստիկանությունում ու բանտերում մարդկանց խոշտանգումներն ու նրանց հանդեպ դաժան վերաբերմունքը։

 

Կազմակերպությունը նշում է նաև, որ անցած տարվա ընթացքում հասանելի են դարձել այլընտրանքային զինվորական ծառայության նոր դրույթները։

 

2015-ին Հայաստանում ավելացել են լայնածավալ ցույցերը մի շարք սոցիալական և քաղաքական խնդիրների շուրջ. Amnesty International