Ադրբեջանում 2015 թվականին շարունակվել են բռնաճնշումներն անկախ լրագրողների և ակտիվիստների հանդեպ. Amnesty International

12:13 • 24.02.16

Ադրբեջանում 2015 թվականին շարունակվել են քաղաքական այլակարծության համար և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ ճնշումները, իսկ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները չեն կարողացել շարունակել իրենց գործունեությունը։ Այդ մասին ասված է 2015 թվականին աշխարհում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։

 

Կազմակերպությունը նշում է, որ առնվազն 18 «խղճի բանտարկյալ», այդ թվում՝ հայտնի իրավապաշտպաններ են մնացել կալանքի տակ։ Շարունակվել են բռնաճնշումները նաև անկախ լրագրողների և ակտիվիստների հանդեպ՝ թե՛ երկրի սահմանների ներսում, և թե՛ սահմաններից դուրս, հետապնդումների և ձերբակալությունների են ենթարկվել նաև նրանց ընտանիքների անդամները։

 

Միջազգային դիտորդներին արգելվել է մուտք գործել երկիր։ Շարունակվել են հաղորդումները խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի մասին, հայտնում է իրավապաշտպան կազմակերպությունը։

 

Այն հիշեցնում է, որ իշխող կուսակցությունը հաղթել է նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, որը գլխավոր ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել էին իշխանությունների կողմից մշտական ճնշումների պատճառով։

 

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը չեղյալ է հայտարարել իր դիտորդական առաքելությունը՝ կառավարության կողմից կիրառված սահմանափակումների պատճառով, իսկ Բաքվում ԵԱՀԿ ներկայացուցիչներն ամռանը դադարեցրել են իրենց գործունեությունը։

 

Զեկույցում նշվում է նաև, որ Բաքվում տեղի ունեցած «Եվրոպական խաղերի» ժամանակ Human Rights Watch-ի և Amnesty International-ի ներկայացուցիչներին, ինչպես նաև մի շարք միջազգային լրագրողների թույլ չեն տվել մուտք գործել երկիր։

 

Ադրբեջանում 2015 թվականին շարունակվել են բռնաճնշումներն անկախ լրագրողների և ակտիվիստների հանդեպ. Amnesty International