Յոզեֆ Բլատերի գրքի լույս ընծայումը հետաձգվել է մի քանի ամսով

16:31 • 24.02.16

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերի գրքի լույս ընծայումը, որը նախատեսված էր փետրվարի վերջին, հետաձգվել է մի քանի ամսով։ Այդ մասին հայտնել է Werd & Weber հրատարակչատան ներկայացուցիչը, հաղորդում է Reuters գործակալությունը։

 

«Յոզեֆ Բլատեր. Առաքելությունը՝ ֆուտբոլ» անվանումով գրքի հրատարակմամբ և տարածմամբ զբաղվող հրատարակչատան տեղեկություններով՝ ՖԻՖԱ-ի նախկին նախագահը որոշել է ուղղումներ մտցնել վերջին գլխի մեջ, որտեղ նկարագրվում է ֆուտբոլից նրա հեռանալը։ Այդ պատճառով ընթերցողները ստիպված են լինելու սպասել գրքի գերմաներեն տարբերակին մինչև ընթացիկ տարվա ապրիլը, իսկ անգլերեն տարբերակը կհրատարակվի միայն մայիս-հունիսին։ Թարմացված տվյալների համաձայն՝ այն արժենալու է մոտ 39 դոլար։

 

Նախօրեին AP գործակալությունը հայտնել է, որ 300 էջանոց բազմաթիվ լուսանկարներ պարունակող գրքում պատմվելու է ՖԻՖԱ-ում պաշտոնյայի երկար տարիների աշխատանքի պատմությունը։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին շվեյցարական դատախազությունը գործ է բացել Բլատերի դեմ՝ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հաշվին 2 միլիոն շվեյցարական ֆրանկի անօրինական փոխանցման առնչությամբ։ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը հոկտեմբերի սկզբին 90 օրով հեռացրել է այդ գործով անցնող ամբաստանյալներին ֆուտբոլի հետ կապված գործունեությունից՝ որակազրկումը երկարացնելու հնարավորությամբ։

 

Յոզեֆ Բլատերի գրքի լույս ընծայումը հետաձգվել է մի քանի ամսով