Գործադիրն առաջարկում է ԵՏՄ արտաքին առևտրի ոլորտում 3-րդ երկրների համար բազային տուրք սահմանել. փոխնախարար

13:18 • 24.02.16


Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքների վերաբերյալ երրորդ երկրներից ներմուծման ու արտահանման համար սահմանել բազային պետական տուրք՝ 1000 դրամին համարժեք:


Այս մասին պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը՝ պատասխանելով հարցին, թե որն է օրենքի կարգավորման առարկան:


Ինչպես նշեց էկոնոմիկայի փոխնախարարը, օրենքը համալրում է լիցենզիաներ տրամադրելու համար պետական տուրքի պահանջը, որը սահմանված է պետական տուրքի մասին օրենքով:


Ինչ վերաբերում է խոչընդոտներին, որոնք կան ԵՏՄ տարածքում ապրանքաշրջանառության ժամանակ, մասնավորապես՝ ավտոմեքենաների ներկրման հետ կապված, ապա Էմիլ Տարասյանը նշեց, որ նախարարությունը մշտապես կապ ունի գործարարների հետ: Փոխնախարարը շեշտեց, որ հաճախ խոչընդոտներն ունեն սուբյեկտիվ բնույթ:


«Շատ հաճախ չպայմանավորված ԵՏՄ անդամակցությամբ, չիմացությամբ, ինֆորմացիայի պակասի հետևանքով, ներկայացվում են լրացուցիչ պահանջներ, որոնք չեն բխում տվյալ անդամակցությամբ: Նման խնդիրների կարգավորման համար մենք հնչեցնում ենք խնդիրները, օգտագործելով նաև ԵՏՄ հարթակը»,- ընդգծեց Էմիլ Տարասյանը:

Գործադիրն առաջարկում է ԵՏՄ արտաքին առևտրի ոլորտում 3-րդ երկրների համար բազային տուրք սահմանել. փոխնախարար