Օբաման, Քեմերոնը, Մերկելն ու Օլանդը քննարկել են սիրիական հարցը
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման ու Ֆրանսուա Օլանդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ տեսաժողովի շրջանակում քննարկել են սիրիական հակամարտության թեման:
«Առաջնորդները ողջունել են Սիրիայում հրադադարի հաստատման հեռանկարը, որն իրականացվելու է ավելի վաղ Մյունխենում ձեռք բերված համաձայնագրի շրջանակում»,-մեջբերում է vz.ru-ն մի հատված Սպիտակ տան տարածած հայտարարությունից:
Ղեկավարները կոչ են արել հակամարտող բոլոր կողմերին ամբողջությամբ կատարել տվյալ համաձայնագրի պահանջները, ինչպես նաև ևս մեկ անգամ ընդգծել են Սիրիայում խաղաղ իշխանափոխության կարևորությունը:
Պաշտոնյաներն անդրադարձել են նաև Ռուսաստանի ռազմական օդուժի կողմից Սիրիայում իրականացվող ավիահարվածներին` ասելով, որ դրանց թիրախում հայտնվում են «չափավոր ընդդիմադիրներն» ու խաղաղ բնակիչները: Օբաման, Մերկելը, Օլանդն ու Քեմերոնը կոչ են արել անհապաղ դադարեցնել քաղաքացիական բնակչությամբ շրջանների անկանոն ռմբակոծումը։










