Թրամփն իրեն Նևադայում նախնական ընտրությունների հաղթող է հռչակել
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող միլիարդատեր Դոնալդ Թրամփն իրեն Նևադա նահանգում հանրապետական թեկնածուների նախնական ընտրության հաղթող է հռչակել։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին նա հայտարարել է Լաս Վեգասում կողմնակիցների հետ հանդիպման ընթացքում:
«Այսօր մենք դեռ երկար կտոնենք»,- հայտարարել է Թրամփը:
«Մի քանի ամիս առաջ դա մեզանից ոչ ոք չէր ակնկալում: Եթե լսեինք «գիտունիկներին», մենք ընդհանրապես չպետք է հաղթեինք, իսկ այժմ մենք հաղթում ենք, հաղթում ենք, հաղթում ենք երկիրը»,-ասել է նա:
Միլիարդատերը դարձյալ ընդգծել է, թե ինքը քարոզարշավի համար ոչ մեկից գումար չի վերցնում, ինքն է իրեն ֆինանսավորում և հրաժարվել է անգամ 10 մլն դոլար նվիրատվությունից:
Թրամփի խոսքով՝ նա հաջողության է հասել նահանգի բոլոր սոցիալական և էթնիկ խմբերի շրջանում:
Նա ընդգծել է, որ ստացել է անգամ լատինամերիկացի ընտրողների ձայների կեսից ավելին՝ չնայած խոստացել է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել։










