2015 թվականի հուլիսից ի վեր ավելի քան 300 թուրք ուժային է սպանվել ահաբեկիչների կողմից. Էրդողան
2015 թվականի հուլիսից ի վեր Թուրքիայի անվտանգության ուժերի ավելի քան 300 աշխատակից է սպանվել ահաբեկիչների կողմից։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շրջանային ղեկավարության ներկայացուցիչների առաջ ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն։
«Անցած տարվա հուլիսից ի վեր ահաբեկիչների կողմից անվտանգության ուժերի ավելի քան 300 աշխատակից է սպանվել»,- ասել է նա։
Էրդողանը հիշեցրել է, որ 2015 թվականին ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, մայրաքաղաքում և այլ խոշոր քաղաքներում։ Ահաբեկչությունները շարունակվել են նաև այս տարի։ Փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 29 մարդ է մահացել, որոնց մեծ մասը՝ զինվորականներ։ Էրդողանն ուժայինների մահվան համար պատասխանատու է համարում Թուրքիայում գործող քրդական խմբավորումներին։
Թուրքիայի նախագահի կարծիքով՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը «չի կարող ներկայացնել քրդերին»։ «Մենք ի սկզբանե պաշտպանել ենք քրդերին և նրանց իրավունքները»,- պնդել է նա՝ հիշեցնելով, որ Թուրքիան 200 հազար քուրդ է ընդունել Քոբանիից, երբ քաղաքի վրա հարձակվել են «Իսլամական պետության» ահաբեկիչները։










