Տիգրան Սարգսյանն Աստանայում Նուրսուլթան Նազարբաևի հետ քննարկել է համագործակցության ընթացիկ հարցեր

13:45 • 25.02.16

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր` փետրվարի 25-ին հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՄ-ի զարգացման ընթացիկ հարցեր,   ինչպես նաև` համաշխարհային շուկաներում ներկա իրողություններով պայմանավորված` ԵՏՄ անդամ երկրերի և երրորդ երկրների միջև համագործակցության ընդհանուր ռազմավարությանն առնչվող  հիմնահարցեր:

Այս մասին հաղորդում է ԵՏՄ լրատվական ծառայությունը:

Նուրսուլթան Նազարբաևն ընդգծել է, որ Տիգրան Սարգսյանի նախագահությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում համընկել է համաշխարհային տնտեսության  մեջ արձանագրված բարդ իրողություններին ու պայմաններին, որոնց առկայության պայմաններում դժվար է գտնել աճի համար  նոր կետեր:

«Այսուհանդերձ, բոլոր այդ դժվարությունները որևէ կերպ չեն առնչվում ԵՏՄ աշխատանքներին, և որևէ կասկած չունեմ ինտեգրացիոն մեր միավորման վերջնարդյունքի օգտակարության առումով:  Հատկապես, եթե նկատի ունենանք, որ այսօր բազմաթիվ երկրներ ԵՏՄ մտնելու և մեզ հետ  այս հարթակում ազատ առևտրի մեջ մտնելու  ցանկություն են հայտնել»,-ասել Ղազախստանի նախագահը:

Նա նաև ընդգծել է, որ ճգնաժամերը ժամանակավոր երևույթներ են, մինչդեռ ԵՏՄ անդամ երկրների ընդհանուր ներուժը` մնայուն:

Նուրսուլթան Նազարբաևի խոսքով` ԵՏՄ-ի հետ ինտեգրացիան ենթադրում է ինչպես հնարավորությունների, այնպես էլ  դրա զարգացման համար արված  ներդրումը:

Տիգրան Սարգսյանն, իր հերթին,  նշել է, որ  Ղազախստանի նախագահի` ԵՏՄ զարգացման  ընդհանուր  տեսլականն ու դիրքորոշումը, սկզբունքային նշանակություն ունի, քանի որ հատկապես Ղազախստանի նախագահի նախաձեռնություններն ու գաղափարներն են ընկած միասնական եվրասիական տարածք ստեղծելու հիմքում:

Տիգրան Սարգսյանը  համոզվածություն է հայտնել, որ այս կառույցում Ղազախստանի նախագահության ժամանակ ԵՏՄ-ին ինտեգրացիոն գործընթացներին կտրվի զարգացման նոր խթան:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը տեղեկացրել է, որ ԵՏՄ Կոլեգիային հանձնարարվել է ուսումնասիրել Ղազախստանի նախագահի` անդամ երկրների ղեկավարներին արված ուղերձը:

Իսկ դրանում առկա առաջարկների համար կազմվել է համապատասխան ծրագիր:

Տիգրան Սարգսյանն Աստանայում Նուրսուլթան Նազարբաևի հետ քննարկել է համագործակցության ընթացիկ հարցեր