Բունդեսթագը քվեարկել է միգրացիոն օրենսդրության խստացման օգտին

16:42 • 25.02.16

Մի քանի ամիս տևած քննարկումներից հետո Բունդեսթագը (Գերմանիայի օրենսդիր մարմինը) հինգշաբթի քվեարկել է միգրացիոն օրենսդրության խստացման օգտին, որը, մասնավորապես, նախատեսում է Գերմանիայում ապաստանի իրավունք չունեցող փախստականների ավելի արագ արտաքսում, հաղորդում է РИА Новости-ն։

 

Քվեարկության արդյունքների համաձայն՝ խստացման օգտին է քվեարկել 429 պատգամավոր, 147 պատգամավոր եղել է դեմ, իսկ չորսը ձեռնպահ է մնացել։

 

Այսպես կոչված՝ «միգրացիոն փաթեթ-2»-ը վերջնականորեն ընդունվել էր կառավարության կողմից փետրվարի սկզբին։ Նոր օրենսդրությունը նախատեսում է սահմաններին ընդունման հատուկ կետերի ստեղծում, որտեղ կկայացվեն նախնական որոշումներ այն մասին, թե արդյո՞ք ներգաղթյալներն իրավունք ունեն Գերմանիայում ապաստան խնդրել։

 

Նման իրավունքների բացակայության դեպքում մարդիկ անմիջապես կարտաքսվեն երկրից։ Այն փախստականների գործերի քննման ժամկետը, ովքեր կընդունվեն, պետք է կրճատվի մինչև մի քանի շաբաթ։

 

Որպեսզի փախստականները կամավոր գնան ընդունման այդ հատուկ կենտրոնները, նրանց համար արտոնությունների և ծառայությունների համակարգ է ստեղծվել, որը հասանելի կլինի միայն ճիշտ ժամանակին գրանցվելու և փախստականի վկայական ստանալու դեպքում։

 

Բունդեսթագը քվեարկել է միգրացիոն օրենսդրության խստացման օգտին