ՆԱՏՕ-ն կօգնի Աթենքին և Անկարային կանխել անօրինական ներգաղթը
ՆԱՏՕ-ի դաշնակիցներն Էգեյան ծովում ծովային գործողությունների համատեղ ծրագիր են մշակել, որը պետք է կանխի Թուրքիայից և Հունաստանից դեպի Եվրամիության երկրներ ներգաղթյալների անօրինական տեղափոխումները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի միջազգային ծառայությունը։
Նախօրեին Բրյուսելում գործընկերների հետ տեղի ունեցած երկար բանակցություններից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգն այսօր հայտարարել է, որ Հունաստանի և Թուրքիայի զինված ուժերը չեն հատի իրենց հարևան երկրի ծովային կամ օդային սահմանները։ ՆԱՏՕ-ի մյուս երկրների նավերն իրավունք են ստանում հսկել ինչպես Հունաստանի, այնպես էլ Թուրքիայի տարածքային ջրերում։
2015 թվականին Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից Եվրոպա է ժամանել մոտ մեկ միլիոն ներգաղթյալ։ Լրատվամիջոցները հայտնել են, որ Գերմանիայի կառավարությունն ակնկալում է, որ մինչև 2020 թվականը երկիրը կընդունի ընդհանուր առմամբ 3,6 միլիոն փախստական։










