ԻՊ-ը սպառնում է Facebook և Twitter սոցցանցերի ստեղծողներին. լրատվամիջոցներ

08:47 • 25.02.16

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը սպառնում է Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգին և Twitter կայքի հիմնադիր Ջեք Դորսիին։ Այդ մասին հայտնել է ամերիկյան Vocativ առցանց պարբերականը:

 

Համաձայն հրապարակման` առցանց պարբերականի աշխատակիցները Telegram հաղորդագրությունների փոխանակման ծրագրում հայտնաբերել են 25 րոպե տևողությամբ քարոզչական տեսանյութ` Ցուկերբերգի և Դորսիի պատկերներով, որոնց վրա եղել են փամփուշտների հետքեր, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Տեսաձայնագրությունում ցույց է տրված` ինչպես են բացվում սոցկայքերի օգտատերերի էջերը, փոխարինվում լուսանկարները, տեղադրվում ԻՊ-ի քարոզչական նյութեր։

 

Խմբավորման համաձայն` իրենք բացել են ավելի քան 10.000 անհատական և ավելի քան 150 խմբակային հաշիվներ Facebook-ում և ավելի քան 5.000-ը` Twitter-ում:

 

Որքանով է այդ ամենը ճիշտ՝ Vocativ-ի հեղինակները վստահությամբ ասել չեն կարող: Սակայն նրանք վստահեցնում են՝ ԻՊ-ի կողմնակիցները հաճախ են օգտագործում Telegram-ը։

 

Սպառնալիքներով տեսանյութը, նրանց խոսքով, ծայրահեղականների պատասխանն է հայտնի սոցկայքերում իրենց հասանելիության նպատակաուղղված սահմանափակմանը։

ԻՊ-ը սպառնում է Facebook և Twitter սոցցանցերի ստեղծողներին. լրատվամիջոցներ